ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմամբ. Վեդանտ Պատել
ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման առնչությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«ԱՄՆ պետքարտուղարն անձամբ խորապես գնահատում և մեծ նշանակություն է տալիս այս հարցին Հարավային Կովկասում: Եվ ինչպես մենք ասացինք հանգստյան օրերին, պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ… Դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ ու բաց տեղաշարժ և առևտուր», - նշել է Պատելը:
Դիվանագետը նաև հավելել է, որ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով գլխավոր օգնականը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կշարունակեն խորապես ներգրավված մնալ այս հարցում:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք անցակետի տեղադրումը չի եղել այն ընթացքում, երբ բանակցություններ են վարվում՝ Վեդանտ Պատելը նշել է, որ չի պատրաստվում հայտնել տեղում դիվանագիտական գնահատումների և բանակցությունների մանրամասները: