Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նաիրի Հոխիկյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ինչպես տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հիմնավորվել է, որ քաղաքացիական գործով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ. Հովհաննիսյանի կողմից վճիռ կայացնելուց հետո, վերջինիս պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, «Նաիրի Հոխիկյան» ֆեյսբուքյան էջի գրառումներ բաժնում, 2023 թ մարտի 29-ին ժամը 16:50-ին Նաիրի Հոխիկյան օգտատիրոջ կողմից կատարվել է գրառում, որում, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հիշյալ դատավորի նկատմամբ, վիրավորական արտահայտություն է օգտագործվել դատավորի հասցեին։ Գրառմանը կից առկա են նաև լուսանկարներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ն. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: