Քենիայում կրոնական պաշտամունքի զոհերի թիվը հասել է 83-ի
Քենիայում կրոնական պաշտամունքի հետևորդների զանգվածային մահվան հետաքննության շրջանակում հայտնաբերված մարմինների թիվը հասել է 83-ի այն բանից հետո, երբ ոստիկանները զանգվածային գերեզմանոցից հանել են ևս 10 հոգու մարմին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:
Ոստիկանները օրեր շարունակ որոնումներ էին կատարում Մալինդի ծովափնյա քաղաք Շաքահոլայի անտառում այն բանից հետո, երբ տեղեկություն էին ստացել, որ այնտեղ գործում է կրոնական խումբ, որի հովիվը` Փոլ Մաքենզի Նթենգեն, հետևորդներին պատվիրում է սովամահ լինել «Աստծուն հանդիպելու համար»:
Ավելի վաղ արտակարգ ծառայություններին հաջողվել էր գտնել 29 ողջ մնացածի:
Այսօր հայտնաբերված 10 մահացածների թվում եղել է 3 երեխա։ Արտակարգ ծառայությունները հայտնաբերել են նաև ևս 2 ողջ մնացածի։
«Բարի լուր» պաշտամունքի հովիվ Մաքենզի Նթենգեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ հայտնաբերել են չորս մարդկանց դիեր, որոնք, ենթադրաբար, մահացել են նմանատիպ հանգամանքներում: Անցած ամսին նա արդեն կալանավորվել էր երկու երեխաների մահվան հետ կապված գործով, սակայն հետո ազատ էր արձակվել 10 հազար շիլլինգ (շուրջ 74 դոլար) գրավի դիմաց։