Գեղարքունիքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ
Ապրիլի 22-ի երեկոյան Գավառի Ազատության փողոցում ծառայելիս Գեղարքունիքի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Գավառի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Ըստ երիտասարդի` ինքն օգտագործել է մարիխուանա, իսկ կանեփը հավաքել է վայրաճ թփերից:
Ապրիլի 23-ին Գեղարքունիքի պարեկները ստուգման համար մոտեցել են Երևան-Իջևան ճանապարհի եզրին կանգնած մի «Մերսեդեսի»: Նրանց նկատելով` մեքենային մոտեցող մի քաղաքացի գրպանից փաթեթ է գցել: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով երկու երիտասարդ, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Պարզվել է, որ թմրանյութով փաթեթը նետողը Ծովագյուղի 33-ամյա բնակիչ է:
Ապրիլի 24-ի ուշ երեկոյան Երևան-Իջևան ճանապարհին ծառայող պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Աուդի» մակնիշի մի մեքենա, իսկ ստուգման պահին ուղևորի մոտ նկատել են կասկածելի փաթեթ: 32-ամյա վարորդն ու 30-ամյա ուղևորը, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ Սևան քաղաքի բնակիչ ուղևորի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Նա հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով` իր օգտագործման համար:
Իսկ ապրիլի 23-ի գիշերը՝ ժամը չորսին, Գեղարքունիքի պարեկների և Սևանի ոստիկանների համատեղ շրջայցի ժամանակ Սևան քաղաքի Աբովյան փողոցում հետիոտնային անցումի ճանապարհային նշանը գողանալիս ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 30 և 22 տարեկան սևանցի երկու երիտասարդ:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: