Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհանվեն, բայց հետո դրանց փոխարեն կկիրառվեն նորերը. Պեսկով
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհանվեն, և դրանց փոխարեն կկիրառվեն նորերը: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Գիտելիք» մարաթոնի ժամանակ, գրել է ТАСС-ը:
Պեսկովն ասել է, որ պատժամիջոցները կարող են թվաքանակով պակասել, բայց «հավաքական Արևմուտքի, հատկապես անգլո-սաքսոնների՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մտադրությունն ու նկրտումները կմնան նույնը»:
Նրա խոսքերով՝ «Ռուսաստանին ճնշելու մտադրությունները, Ռուսաստանից ի վերջո ազատվելու մտադրությունը, այդ մտադրությունները ոչ մի տեղ չեն գնա, միշտ կմնան։
Պեսկովը հավելել է, որ եթե նույնիսկ ժամանակի ընթացքում պատժամիջոցներն ավելի քիչ լինեն, Ռուսաստանի վրա ճնշումը չի նվազի։
Դիմելով դասախոսության ներկաներին՝ երիտասարդներին, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը հորդորել է հիմք ընդունել հետևյալը. «Դուք պետք է հասկանաք, որ ապրելու եք դրա հետ: Բայց դա բացարձակապես խոչընդոտ չէ, որ դուք հրաշալի զարգանաք, կառուցեք հրաշալի Ռուսաստան, որպեսզի այն տանեք նոր տեխնոլոգիական հորիզոններ, որպեսզի այն դարձնեք ապրելու համար ամենահարմար երկիրը, ապրելու համար ամենաերանելի երկիրը։ Դա կանեք դուք, ես դրանում վստահ եմ»,- եզրափակել է Պեսկովը: