Քենիայում հայտնաբերվել է սովամահ եղած կրոնական հետևորդների 47 դի
Քենիայում պաշտամունքի հետևորդների մահվան հետաքննության շրջանակներում հայտնաբերված մարմինների թիվը հասել է 47-ի, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Ավելի վաղ տեղական Citizen հեռուստաալիքը հայտնել էր ոստիկանության աշխատակիցների կողմից կրոնական պաշտամունքի հետ կապված առեղծվածային պատմության հետաքննության շրջանակներում 39 դիերի հայտնաբերման մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրա հովիվ Մաքենզի Նթենգեն իբր պատվիրել է անդամներին սովամահ լինել՝ «Հիսուսին հանդիպելու համար»:
«Այսօր մենք արտաշիրիմեցինք ևս 26 դի. դիակների ընդհանուր թիվը հասավ 47-ի»,- ասել է Քենիայի հարավ-արևելքում գտնվող Մալինդի քաղաքի քրեական հետախուզության բաժնի ղեկավարը։
Ապրիլին Նթենգեն կալանավորվել էր այն բանից հետո, երբ հայտնաբերել էին չորս մարդկանց դիեր, որոնք, ենթադրաբար, մահացել էին նմանատիպ հանգամանքներում: Անցյալ ամիս նա արդեն կալանավորվել էր երկու երեխաների մահվան գործով, սակայն հետո ազատ է արձակվել 10 հազար շիլլինգի (մոտ 74 դոլար) գրավի դիմաց։
Ինչպես հայտնում է Standard-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, ոստիկանության աշխատակիցները պնդում են, որ տեղի բնակիչները սովամահ են եղել ինչ-որ կրոնական գործչի ազդեցության տակ, ով նրանց ասել է, որ «երկրի վրա իրենց գործն ավարտված է, և նրանք պետք է մեռնեն՝ հանդիպելու համար Արարչին»: Հրատարակությունը նշել է, որ ողբերգության հետևում կանգնած է «Բարի լուր» միջազգային եկեղեցու հովիվը, ով նախկինում արդեն ձերբակալվել էր սպանության դրդելու համար։