ԵԽ պատգամավորը դատապարտել է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Էստոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարինա Կալյուրանդը թվիթերյան գրառմամբ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Լաչինի միջանցքում անցակետի տեղակայումը:
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում օսմանցիների կողմից 108 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ես դատապարտում եմ հենց այս տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են գոյություն ունեցող համաձայնագրերը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը», - գրել է Կալյուրանդը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Ավելի ուշ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ ճանապարհը փակել են հսկիչ անցագրային կետ տեղակայելու համար։