Ֆրանսիացի խորհրդարանականը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ Բրյունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: