Մոսկվայում կկայանա ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարները երեքշաբթի օրը պետք է հանդիպեն Մոսկվայում: Նման տեղեկություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպումը պլանավորվում է երեքշաբթի օրը՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում», - ասել է նախարարը:
2022 թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների` 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։
Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների պլանավորված հանդիպումը հարկ է եղել հետաձգել Դամասկոսի դիրքորոշման պատճառով, որը պահանջում է թուրքական ուժերի դուրսբերում Սիրիայի տարածքից՝ նախքան Անկարայի հետ բանակցություններին մասնակցելը։ Anadolu-ի հաղորդագրությունների համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել էր, որ չորս երկրների նախարարները կհանդիպեն մայիսի սկզբին Մոսկվայում։