ԵՄ երկրները դեռ համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ. Բորել
Եվրամիությունում դեռ չեն պատրաստել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Այսօր մենք այն վիճակում չենք, որ ավարտենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի պատրաստումը: Մենք կշարունակենք քննարկումները», - նշել է Բորելը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի ռուսաստանյան ատոմային էներգետիկայի բնագավառի դեմ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստի հիմնական թեման լինելու է Ուկրաինան։ Խորհրդի նիստի նյութերում ասվում է, որ նախարարները կքննարկեն ռազմական աջակցությունը, պատժամիջոցները, պարենային անվտանգության հարցերը, խաղաղության ուկրաինական բանաձևը։ Առանձին կետով նախարարները կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների «աշխարհաքաղաքական հետևանքների հետ կապված ԵՄ գործողությունների պլանի իրականացումը»։