Ջահերով երթ` Ախալքալաքում
Ապրիլի 23-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները ջահերով երթ են սկսել քաղաքի բերդից դեպի Սուրբ Խաչ եկեղեցի՝ պահանջելով ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։
Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։
Նման երթի անցկացումն ավանդույթ է դարձել Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամների համար։ Երթը սկսվեց Ախալքալաքի բերդից, հարյուրավոր մարդիկ Հայաստանի և Վրաստանի դրոշներով, ցուցապաստառներով և ճանաչելու ու դատապարտելու պահանջով, ջահերով շարժվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցու բակ։
Երթին ներկա էին Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և քաղաքապետարանի այլ աշխատակիցներ։
Եկեղեցու բակում ելույթ ունեցան Երիտասարդական միության անդամները, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Նշան Վրդ. Հմայակյանը։
Այսօր Ախալքալաքի եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվել։ Պատարագի ավարտին եկեղեցու բակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, մատուցվել է Սուրբ նահատակներին նվիրված հիշատակի կարգ։