Բեռլինի օդանավակայանում գործադուլի պատճառով չեղարկվել են բոլոր չվերթները
Բեռլինի օդանավակայանում այսօր անվտանգության ծառայության աշխատակիցների գործադուլի պատճառով չեղարկվել են բոլոր 220 պլանավորված մեկնաթռիչքները և 240 պլանավորված ժամանումներից 72-ը, հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը։ Գործադուլը հայտարարվել է ժամը 03:30-ից մինչև կեսգիշեր։ Ապրիլի 25-ին սպասվում է թռիչքների կանոնավոր գրաֆիկի վերսկսում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Համբուրգի օդանավակայանում 160 չվերթից 31-ը չեղարկվել է վերջին պահին նախազգուշական գործադուլի պատճառով։ Ժամանումները սպասվում են ըստ ժամանակացույցի։
Ավելի վաղ Ver.di արհմիությունը օդանավակայանների վարչակազմերի հետ համաձայնություն է ձեռք բերել աշխատավարձերի շուրջ տարաձայնությունների հարցում, բայց դա տարածվում է միայն այն օդանավակայանների վրա, որտեղ տեղում աշխատող անձնակազմի գործատուն պետությունն է, ինչպես, օրինակ՝ Բավարիայում: Չկարգավորված է մնում Ver.di-ի վեճը մասնավոր ընկերությունների հետ, որոնց շահերը ներկայացնում է Անվտանգության ապահովման ծառայությունների դաշնային միավորումը (BDLS):
Այս ընկերությունների վարչակազմերի հետ Ver.di-ն երկար տարիներ անհաջող բանակցություններ է վարում աշխատավարձերի բարձրացման և հավելավճարների շուրջ: Ապրիլի 27-28-ին Բեռլինում կանցկացվի բանակցությունների նոր փուլ։
Օդանավակայանները, որոնք իրենք ներգրավված չեն բանակցություններում, աճող անհանգստությամբ են արձագանքում բազմաթիվ գործադուլներին և չվերթների չեղարկումներին:
«Համաձայնեցման հանձնաժողովների նիստերից առաջ արհմիությունների կողմից գործադուլ անելու իրավունքն անհեթեթության է հասցնում չդադարող գործադուլներով», -հայտարարել է ADV օդանավակայանի միավորման ղեկավար Ռալֆ Բայզելը՝ հավելելով, որ տասնյակ հազարավոր ուղևորներ կրկին տուժել են նոր գործադուլների պատճառով։