Մի շարք երկրներ իրենց դիվանագետներին տարհանել են Սուդանից
Սուդանում մեկ շաբաթից ավելի շարունակվող բախումների պատճառով մի շարք երկրներ տարհանել են իրենց դիվանագետներին և քաղաքացիներին: Դիվանագիտական անձնակազմին Սուդանից դուրս բերելու մասին ապրիլի 23-ին հայտնել են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Նման գործողություններ են իրականացրել նաև Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և այլ երկրներ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
ԱՄՆ-ն գրեթե 100 մարդու տարհանել է երեք ուղղաթիռներով: Խարթումում ԱՄՆ դեսպանատունը փակ է: Դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ մասնավոր քաղաքացիներին տարհանելն առայժմ ապահով չէ:
Մեծ Բրիտանիային հաջողվել է օդանավով տարհանել բրիտանացի դիվանագետներին և նրանց ընտանիքներին: Ըստ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջեյմս Քլևերլիի՝ երկրի մնացած քաղաքացիներին տարհանելու տարբերակները «խիստ սահմանափակ են»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիայի և այլ երկրների քաղաքացիներով ինքնաթիռը Ջիբութի է ժամանել կիրակի օրը, ևս մեկ տարհանման գործողություն է իրականացվել այսօր՝ ապրիլի 24-ին: Ընդհանուր առմամբ, ըստ Ֆրանսիայի կառավարության, Սուդանից տարհանված մարդկանց թիվը 388 է: Ֆրանսիական ինքնաթիռում են եղել նաև Նիդերլանդների քաղաքացիներ:
Գերմանիայի բանակը հայտարարել է, որ երեք ինքնաթիռներից առաջինը Սուդանից մեկնել է Հորդանան՝ տանելով 101 մարդու: Իսկ Իսպանիայի ինքնաթիռում եղել են Արգենտինայի, Կոլումբիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Մեքսիկայի, Վենեսուելայի և Սուդանի քաղաքացիներ:
Ապրիլի 22-ին ևս մի շարք երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը, Պակիստանը և Կանադան, տարհանել են իրենց քաղաքացիներին:
Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» միջև թեժ մարտերը շարունակվում են: Իշխանության համար պայքարի ընթացքում ռմբակոծվել են Խարթումը և հարակից քաղաքները: Հարյուրավոր մարդիկ զոհվել են, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել: