Ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը. ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջին անցակետի տեղակայումը խաթարում է գործընթացը, վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայման կապակցությամբ ԱՄՆ-ն երեկ մտահոգություն է հայտնել, քանի որ դա խաթարում է գործընթացը: Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև լինեն բանակցություններ, և խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել»,-ասաց դեսպանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք սա չի՞ վնասում խաղաղության գործընթացին՝ Քրիստինա Քվինն ասաց. «Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը»:
Նա վերահաստատեց՝ ԱՄՆ-ն փորձում է առաջ շարժվել, ջանքեր գործադրել՝ խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ:
Անդրադառնալով որպես զսպող միջոց՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր կիրառմանը՝ դեսպանը նկատեց, որ այս պահին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ԱՄՆ-ն ինչ կանի ապագայում, այդ մասին չի կարող որևէ մեկնաբանություն տալ:
Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ: