Լավրովը ժամանել է Նյու Յորք
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան ալիքում։
«Վաղը նրա նախագահությամբ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը»,- գրել է նա։
Ինչպես նշել է Զախարովան, Լավրովի ինքնաթիռին Flightradar ռեսուրսով հետևել է մոտ երեք միլիոն մարդ։
Երկուշաբթի Լավրովը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության կենտրոնական միջոցառումներից մեկին՝ բաց բանավեճին՝ կազմակերպության կանոնադրության սկզբունքների պաշտպանության վերաբերյալ։ Երեքշաբթի նա նախագահելու է Անվտանգության խորհրդի մեկ այլ բարձր մակարդակի նիստ՝ բաց բանավեճ Մերձավոր Արևելքի վերաբերյալ:
Նախատեսվում է, որ Նյու Յորք կատարած այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը կհանդիպի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։