Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց ոչ ոք չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին․ Նատալի Լուազո
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն ընդգծում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց որևէ մեկը չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին։ Նատալի Լուազոն նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Հայոց ցեղասպանության տարելիցը տխուր պահ է, սակայն նաև հնարավորություն է անցյալից դասեր քաղելու համար։ Անցյալում հայ ժողովուրդը, հայկական մշակույթը, ինքնությունը շատ հաճախ են ենթարկվել բռնության և ատելության։ Այսօր Ադրբեջանն ուժեղացնում է Լաչինի միջանցքի արգելափակումը և զրկում 120 հազար հայերի հիմնական իրավունքներից և կարիքներից։ Ադրբեջանի նախագահը հակված է իրականությունն ու Հայաստանի սուվերենությունը ժխտելուն։ Ցեղասպանությունից 108 տարի անց ոչ ոք չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին։ Թուրքիան՝ առավելևս, քան որևէ այլ երկիր»,- ասաց նա։
Նա հավելեց՝ եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն ընդունեն և գնահատեն որպես մեծ երկիր, իսկ Թուրքիան, անկասկած դա ցանկանում է, պետք է դիտարկի Ցեղասպանության ճանաչումը որպես ազդակ այն բանի, որ ինքը ցանկանում է խաղաղ ապագա կառուցել՝ չնայած բռնարար անցյալին։
«Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ողբերգական երկրաշարժը ուղեկցվեց Երևանի և Անկարայի միջև հուսադրող ազդակներով։ Հայաստանը շտապեց օգնություն ցուցաբերել Թուրքիայի տուժած տարածքների բնակչությանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այցելեց Թուրքիա։ Երկու երկրների միջև սահմանն մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ բացվեց։ Հուսանք, որ հաջորդ դրական քայլը կգա Անկարայից»,- նշեց Նատալի Լուազոն։