Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը
Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը: Նախարարության խոսնակը հայտարարել է.
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրման կապակցությամբ: Դա հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, կյանքի կոչել Միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշմամբ նախատեսված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր իրավական ուժ ունեն։
Դատարանը պահանջում է վերականգնել բեռների և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով և բնակչությանը ապահովել գազի ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարմամբ»: