Հաղթանակս նվիրում եմ մայրիկիս. Սիմոն Մարտիրոսյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը առաջնության գրանցած արդյունքը նվիրում է իր մայրիկին:
«Նախ ուզում եմ շնորհավորել մայրիկիս` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս հաղթանակը նվիրում եմ նրան: Շնորհակալ եմ, որ կա, ծնել է ինձ նման զավակ»,-
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Հայ ծանրորդն անդրադարձավ իր գրանցած արդյունքներին` ընդգծելով, որ ինչ մրցաշարը վնասվածքներ է ունեցել:
«Միայն մեկ ու կես ամիս եմ մարզվել, քանի որ վնասվածքները թույլ չտվեցին լիարժեք բոլոր հավաքներին մասնակցել: Այս պահի դրությամբ՝ գոհ եմ: Սպասենք և աշխարհի առաջնությանը, կտեսնենք, թե ինչ արդյունքներ ցույց կտամ»,- նշեց նա:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Հայկական ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 190 կգ և 195 կգ: Նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 235, 245 կգ: Եվ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Այս քաշում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձե, ով երկամարտում գրանցեց 474 կգ արդյունք։