Ադրբեջանի նպատակն է հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար․ ԱՀ ԱԳՆ
«Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքն Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությանը․
Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել:
Վերոնշյալ հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը. այն է՝ հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար»: