Ա.Կ.-ն ալկոհոլի ազդեցության տակ բռնություն է գործադրել «MERCEDES-BENZ»-ի վարորդի նկատմամբ. արարքի համար մեղադրյալ է ներգրավվել ու կալանավորվել
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի շրջանակներում, որպես մեղադրյալ է ներգրավել և կալանավորվել՝ 1988թ ծնված մայրաքաղաքի բնակիչ Ա.Կ-ն: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:
Նշվում է, որ նա մեղադրյալ է ներգրավվել այն հանցավոր արաքի համար, որ 2023թ. ապրիլի 19-ին` ժամը 00:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական շարժառիթով, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության և հասարակական բարքերի ու նշված ճանապարահատվածով երթևեկող անձանց նկատմամբ, արհամարելով հասարակության մեջ ընդունված համակեցության կանոնները, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով փորձել է կանգնեցնել ճանապարահատվածով երթևեկող ավտոմեքենաները և առանց պատճառի դիտավորությամբ հարվածելու, հրելու և քաշքշելու եղանակով բռնություն է գործադրել «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Վ.Ա.-ի նկատմամբ, դրանով իսկ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։
Նախաքննությունը շարունակվում է: