Օտարերկրյա քաղաքացիները կտարհանվեն Սուդանից
Սուդանից օդային ճանապարհով կտարհանվեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի դիվանագետներն ու քաղաքացիները, մարտերն այնտեղ շարունակվում են, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Սուդանի բանակի հայտարարությանը:
Բանակի ղեկավար Ֆաթթահ ալ-Բուրհանը համաձայնել է ապահովել նրանց տարհանումն առաջիկա ժամերին: Օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու նախկին ծրագրերը չեն իրականացվել՝ անվտանգության առումով ունեցած մտավախությունների պատճառով:
Սաուդյան Արաբիան ևս հայտարարել է, որ կազմակերպում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիների և «եղբայրական» երկրների քաղաքացիների տարհանումը։ Սուդանի բանակը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունն արդեն տարհանվել է:
Հակամարտությունն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ շարունակվում է, թեև երկու կողմերը՝ բանակը և «Արագ աջակցության ուժեր»-ը, եռօրյա զինադադարի համաձայնության են եկել:
Իրավիճակը Սուդանում սրվել է օրեր առաջ, երբ երկրի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում բանակի ու «Արագ աջակցության ուժերի» միջև բախումներ սկսվեցին ծանր զինատեսակների կիրառմամբ։ «Արագ աջակցության ուժերի» հրամանատարության հայտարարություններում ասվում է, որ ներկայիս իրադրությունն ստեղծվել է այն բանից հետո, երբ զինված ուժերը, առանց որևէ նախնական ծանուցման, շրջափակման մեջ վերցրին իրենց բազաներից մեկը Խարթումի հարավային արվարձանում։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է այն բանով, որ «Արագ աջակցության ուժերը» վերջին ժամանակներս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ գործողությունների համաձայնեցման։