Չեմ պատրաստվում լռել․ Չավի
Չավին կշարունակի բողոքել արևոտ եղանակին խաղալուց և չոր խոտից, մինչև խնդիրը չլուծվի։ «Խետաֆեի» հետ Լա Լիգայի 29-րդ տուրի հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը դժգոհել է, որ իր թիմը սովոր է խաղալ երեկոյան, երբ արև չկա։ Մրցակցի մարզիչ Կիկե Ֆլորեսն առաջարկել էր կատալոնական թիմի ֆուտբոլիստներին օգտագործել արևապաշտպան քսուք։
Չավին խոսել է նաև մրցակցի մարզադաշտի չոր խոտածածկի մասին։
«Ինձ քննադատում են ամեն ինչի համար։ Բայց ինձ ոչինչ չի խանգարում, անկախ նրանից, թե որքան մեմեր են պատրաստվում իմ նկարով: Արևը խանգարում է մեզ, չոր դաշտը մեզ համար լավ չէ։ Սա Կիկեին հարց է՝ ինչո՞ւ խաղադաշտը չեն ջրել, ինչո՞ւ է խոտածածկը սովորականից բարձր եղել։
Ես կանգ չեմ առնի այնքան ժամանակ, քանի դեռ չկա խաղադաշտի համար որևէ մեկ չափանիշ։ Բոլոր մարզաձևերն ունեն այդ չափանիշը: Գոլֆում, եթե խոտը բարձր է, կտրվում է: Եթե Լեբրոնը թաց մանրահատակին խաղա, այն սրբում են։ Եթե թենիսում սկսվում է անձրև, ապա հանդիպումը կասեցվում է: Իսկ մենք կարող ենք խաղադաշտում ջրափոսեր ունենալ: Ես չեմ պատրաստվում լռել։
Նորմալ է, որ երիտասարդները չեն դիտում ամբողջ հանդիպումը։ Խոսքը արդյունքի մասին չէ, ես նույն բանն եմ ասում նաև հաղթանակներից հետո: Եթե ուզում ենք շոուն երիտասարդները դիտեն, պետք է հոգ տանենք դրա մասին: Եթե խաղում ենք արևի տակ, խոտը չորանում է։ Ես կանգ չեմ առնի»,- մեջբերում է Չավիին Marca-ն։
Աղբյուր ArmSport.am