Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն Արա Աղանյանը ձգտելու է առավելագույնին հաջորդ տարի
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Արա Աղանյանը հաջորդ տարի ձգտելու է առավելագույնին:
«Առաջնությունը լավ ստացվեց: Պարզապես մի քիչ զգացողության խնդիր կար, ինձ լավ չէի զգում հարթակում: Շնորհավորում եմ Դավիթին: Ինձ համար տարբերություն չկա, ես հաղթեցի, թե Դավիթը: Ճիշտ է, գոհ չեմ գրանցածս արդյունքներից, քանի որ մարզումներին ավելի շատ էի բարձրացրել, բայց ամեն ինչ լավ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղանյանը:
Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոնը խոստովանեց, որ առավելագույնին ձգտելու է հաջորդ տարի, և ինքը մրցահարթակում զգացել է երկրպագուների բուռն աջակցությունը:
«Եվրոպայի ոչ մի առաջնությունում այսպիսի աջակցություն չենք ունեցել, ինչպես այստեղ էր»,- հավաստեց նա:
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները: Այս քաշում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 164, 167, 170 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա ֆիքսեց 200 և 205 կգ և այս վարժությունում ևս դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի կրկնակի չեմպիոնը Դավիթ Հովհաննիսյանն է:
Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Արա Աղանյանը, պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում` 165 կգ: Այս վարժությունում Աղանյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրումում Աղանյանը մեկ մոտեցմամբ` 199 կգ-ով դարձավ վարժության արծաթե մեդալակիր, իսկ երկամարտում նա գրանցեց 364 կգ արդյունք ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: