Պետք է լուրջ աշխատանք տանել սթրեսակայուն հասարակություն ունենալու համար․ Աննա Վարդապետյան
Մտահոգիչ եմ համարում Հայաստանում ինքնասպանության դեպքերի ավելի քան 60 տոկոսով աճը: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս այս մասին նշել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ ցուցանիշը վեր է հանվել 2022 թվականի աշխատանքների ամփոփումների արդյունքում, և ինքնասպանությունների պատճառների համակարգային վերլուծությունը Դատախազության 2023 թվականի առաջնահերթությունների մեջ է:
Պատճառները, ըստ Աննա Վարդապետյանի, բազմազան են և ներառում են ինչպես դեպրեսիվ հույզերը, որոնք կարող են պայմանավորված լինել անհատական և հասարակական երևույթներով, այնպես էլ մոլեխաղերը, այդ թվում՝ ցանցային խաղերը, որոնք ազդեցություն ունեն մարդու մենթալ վարքագծի, հոգեբանության վրա։
«Լուրջ հոգեբանական աշխատանքի անհրաժեշտություն կա, կարծում եմ, ոչ միայն անհատական, այլև ինստիտուցիոնալ մակարդակում, օրինակ՝ կրթական ծրագրերում այնպիսի դասընթացների ներառում, որոնք հնարավորություն կտան ձևավորել սթրեսակայուն հասարակություն: Մենք ապրում ենք տեղեկատվական «աղմուկի» մեջ, և այդ «աղմուկն» ուղղակի «թափվում» է հոգեբանորեն անպատրաստ երիտասարդների վրա։ Ես հույս ունեմ, որ հաջորդ հաղորդմանը կոնկրետ առաջարկներով հանդես կգանք՝ պետական մակարդակով խնդիրը հասցեագրելու համար»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը։