Տորոնտոյի օդանավակայանում ոսկու բեռնարկղ են գողացել
Տորոնտոյի օդանավակայանում անհայտ անձինք գողացել են 20 մլն կանադական դոլար (գրեթե 15 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ ոսկով և այլ իրերով բեռնարկղ: Այդ մասին հայտնել է կանադական CBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանության տվյալներին:
«Բեռնարկղը օդանավակայան է բերվել երկուշաբթի երեկոյան, այնուհետև, մինչև գողությունը, տեղափոխվել է օդանավակայանի պահեստ»,- ասել է Տորոնտոյի ոստիկանության խոսնակ Սթիվեն Դիվեստեյնը։
Քաղաքի օդանավակայանների վարչությունը CBC-ին ասել է, որ գողերը մուտք են գործել պահեստի բաց տարածք, որը վարձակալել է երրորդ կողմը, և գտնվում է հիմնական անվտանգության գծից դուրս:
«Գողերը մուտք չեն գործել բուն օդանավակայան, և դա վտանգ չի ներկայացնում ուղևորների կամ օդանավակայանի աշխատակիցների համար»,- նշել է աղբյուրը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը շարունակում է միջադեպի հետաքննությունը։