Կհստակեցվեն վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակված անձի լիազորությունների ստանձնման և դադարեցման ժամկետները
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել Կառավարության անդամի պաշտոնի ստանձնման և պաշտոնից ազատման իրավահարաբերությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված չեն վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնի նշանակված և հանրային պաշտոնից ազատված անձի լիազորությունների ստանձնման և դադարեցման պահը կանոնակարգող հարաբերությունները, իսկ համապատասխան կարգավորման բացակայությունը կարող է գործնական խնդիրներ առաջացնել հանրային պաշտոնի նշանակվելու, հանրային պաշտոնից ազատվելու վերաբերյալ Վարչապետի որոշումների ուժի մեջ մտնելու պահի որոշման իմաստով:
«Նախագծով առաջարկվում է նախատեսել այնպիսի դրույթ, որն ուղղված կլինի համապատասխան լիազորությունների ստանձնման և դադարեցման պահի որոշմանը՝ այն համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորումներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում Վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակված անձի լիազորությունների ստանձնման և դադարեցման պահ կհանդիսանա Կառավարության պաշտոնական կայքէջում Վարչապետի որոշումների՝ Կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքէջում հրապարակման պահը, բացառությամբ վարչապետի համապատասխան որոշումներով լիազորությունների ստանձնման կամ դադարեցման մասով ավելի ուշ ժամկետ նախատեսող դեպքերի։