Սու 34 ռազմական ինքնաթիռից ավիառումբն ընկել է Բելգորոդի վրա. ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի Սու 34 ռազմական ինքնաթիռից ապրիլի 20-ի երեկոյան ավիառումբ է ընկել Բելգորոդի կենտրոնական հատվածում: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով միջադեպը, որպես պատճառ նշել է «ավիացիոն զինամթերքի չնախատեսված դուրսթափում», գրել է ТАСС-ը։
«Ապրիլի 20-ին Բելգորոդ քաղաքի վրայով օդատիեզերական ուժերի Սու 34 ինքնաթիռի թռիչքի ընթացքում տեղի է ունեցել ավիացիոն զինամթերքի չնախատեսված դուրսթափում։ Դրա հետևանքով բնակելի շենքեր են վնասվել, տուժածներ չկան։ Իրականացվում է հետաքննություն», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ պայթյունից հետո «կենտրոնական փողոցներից մեկի (Վատուտինա-Գուբկին - Tert.am) խաչմերուկում գոյացել է 20 մետր շառավիղով հսկայական փոս»:
«Մոտակա բնակելի շենքի ապակիները վնասվել է, պայթյունից վնասվել են մի քանի կայանված մեքենաներ ու տապալվել էլեկտրահաղորդման գծեր»,- նշված է նրա գրառման մեջ։
Գլադկովն ավելի ուշ ասել է, որ միջադեպի հետևանքով երկու մարդ վիրավորվել է. «Մի կին միջին ծանրության գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է քաղաքի թիվ 2 հիվանդանոց։ Երկրորդ կինը՝ քերծվածքներով, հրաժարվել է հոսպիտալացումից, անհրաժեշտ բժշկական օգնությունը տեղում տրամադրվել է»:
Բացի այդ, ըստ նահանգապետի, Բելգորոդում վնասվել է բարձրահարկ շենքի չորս բնակարան և չորս ավտոմեքենա։
Իսկ «Жесть Белгород» տելեգրամյան ալիքը գրել է, որ պայթյունի հարվածային ալիքից ավտոմեքենա է շպրտվել խանութի տանիքին։