Առանձնատանը կեղծ 200 դրամանոցներ են պատրաստել և իրացրել. 6 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով կեղծ արժույթներ պատրաստելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երեք անձինք, նախնական համաձայնությամբ, 2023 թվականի մարտի 3-ից 21-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկին պատկանող՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատանը պատրաստել են կեղծ արժույթ՝ 200 դրամ անվանական արժեքով կեղծ մետաղադրամներ, որոնք մի քանի այլ անձանց հետ, իրացրել են տարբեր վայրերում՝ առևտրի սրահներում, բենզալցակայաններում:
Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ համապատասխան վարչությունների աշխատակիցների կողմից համատեղ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են կեղծ արժույթը պատրաստելու համար նախատեսված սարքը, ինչպես խոտանված, այնպես էլ պատրաստված կեղծ 200 դրամանոցներ, ինչպես նաև ինքնաձիգի փամփշտատուփ և 24 փամփուշտ, ոսկու ձուլակտորների համար նախատեսված կաղապարներ, շուրջ 155 գրամ քաշով ոսկյա զարդեր, 4 կիլոգրամ քաշով արծաթի նմանվող զանգված:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 6 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: