Եվգենի Պրոնինը Երևանում կներկայացնի իր մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմը
Հայաստանում է ռուս ճանաչված դերասան Եվգենի Պրոնինը։ Մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Լոֆթ Երևանում» կկայանա դերասանի մասնակցությամբ «Ցուգցվանգ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև քննարկում և հարցուպատասխան, ծանոթություն դերասանի հետ։
Ֆիլմում դասական շախմատի կոմերցիոն մրցաշարի եզրափակիչ հանդիպումը պետք է ընթանա այնպես, ինչպես սպասվում էր. երկարամյա չեմպիոնը ամեն տարի հաղթում է ամբողջ գումարը՝ հեշտությամբ հաղթելով բոլոր հավակնորդներին: Սակայն, այս տարի մեկ այլ հավակնորդ պատրաստել է անսովոր ռազմավարություն:
Ռեժիսոր Սերգեյ Ռամզի այս ֆիլմն առաջադրվել է «Կինոտավր» կինոփառատոնի (Ռուսաստան) լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակին, ինչպես նաև ստացել է դիպլոմ և ժյուրիի հատուկ մրցանակ «Короче» V ամենամյա կինոփառատոնում (Ռուսաստան):
Ի դեպ, նշենք, որ Եվգենի Պրոնինն այժմ բնակվում է Երևանում իր հայազգի կնոջ՝ կինոպրոդյուսեր Քրիստինա Առուստամովայի և որդու՝ Հարրիի հետ և արդեն հասցրել է սիրել Հայաստանի մայրաքաղաքը, հիացած է մեր երկրի գեղեցկությամբ, հյուրընկալությամբ, ճարտարապետությամբ, հատկապես՝ մարդկանցով։
Քրիստինան մանկուց ապրել է Ռուսաստանում, սակայն այժմ տեղափոխվել է պատմական հայրենիք ու խոստովանում է, որ այնքան է սիրահարված Հայաստանին, որ չի ուզում հեռանալ։ Այժմ զույգը որոշել է մեր երկրում զբաղվել կինոյով։
Այս տարի Եվգենին և Քրիստինան նախատեսում են Հայաստանում նկարահանել լիամետրաժ ֆիլմ, որի հիմքում մասնակի կերպով Եվգենի Պրոնինի անձնական պատմությունն է։ Կարևոր գործարքի նախօրեին կրիպտոարժույթի հաջողակ և հմայիչ խաղացող Եվգենիի հերոսը ռիսկի է դիմում և մեծ գումարներ է կորցնում: Իր դիրքը փրկելու ակնկալիքով՝ նա մեկնում է Հայաստան՝ վաճառելու անսպասելիորեն ժառանգած ծիրանի այգին։ Նոր կինոնկարում դերասան Եվգենի Պրոնինն առաջին անգամ հանդես կգա որպես կրեատիվ պրոդյուսեր։ Պրոդյուսերներ՝ Քրիստինա Առուստամովա, Օլգա Սինելշիկովա։
«Մեծ ուրախություն է գտնվել Հայաստանում։ Ես ու Քրիստինան բազմիցս եղել ենք Հայաստանում, բայց ավելի կարճ ժամանակով։ Բավականին երկար ժամանակ ապրելով այստեղ՝ այս երկիրը բացվեց մեզ համար բոլորովին նոր ձևով։ Անհավատալի է, թե ինչպես են մեզ ամենուր դիմավորում, թե ինչքան սեր են տալիս անծանոթ մարդիկ։ Մենք արդեն ճամփորդել ենք գրեթե բոլոր մարզերով և ամեն անգամ նոր ու հետաքրքիր բան ենք գտնում մեզ համար։ Կինս սկսել է հայերեն սովորել, որպեսզի էլ ավելի ամուր կապեր ստեղծենք երկրի ու մարդկանց հետ»,-նշում է Պրոնինը։
Հավելենք, որ դերասան Եվգենի Պրոնինը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում։ Եվգենի Պրոնինի համար մեկնարկային կետը դարձավ ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի «Գարպաստում» (2005) ֆիլմը, որտեղ դերասանը խաղաց գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը միջազգային փառատոնային հաջողություն ունեցավ՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ առաջադրվելով Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի»։
Դրան հաջորդեցին մի շարք սիրված կինոնկարներ։ Այնուհետև Պրոնինը սկսեց ակտիվորեն նկարահանվել հեռուստասերիալներում՝ շահելով հայրենի հեռուստադիտողների ժողովրդականությունն ու սերը։ Նրա մասնակցությամբ սերիալները մշտապես ցուցադրվում են Ռուսաստանի առաջատար ալիքներով։ Դերասանը միշտ ժամանակ է գտնում նաև թատերական ներկայացումներում հանդես գալու համար։