Պատանի ծանրորդ Էմմա Պողոսյանը ձգտելու է ավելիին հաջորդ մրցաշարերում
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի մեծահասակների առաջնությունում իր նորամուտը տոնած Էմմա Պողոսյանը ձգտելու է ավելիին հաջորդ մրցաշարերում:
«Այստեղ բարձրացրած քաշերից ավելի շատ էի բարձրացրել, այդ իսկ պատճառով գոհ չեմ այս արդյունքիցս: Փորձելու եմ ավելին անել հաջորդ մրցաշարերում: Մի քիչ վստահ չէի իմ ուժերին այստեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պողոսյանը:
16-ամյա ծանրորդն ընդգծեց, որ եթե նույն քաշերը բարձրաներ, ինչ-որ շաբաթներ առաջ աշխարհի պատանիների առաջնությունում էր, ապա երևանյան մրցաշարում 3-րդը կլիներ:
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք: Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` 93 կգ և 96 կգ: Հրում վարժության ժամանակ Պողոսյանը գլխավերևում պահեց 116 և 121 կգ կշռող ծանրաձողերը: Երկամարտում Պողոսյանը գրանցեց 217 կգ և գրավեց 5-րդ տեղը: