Ստոլտենբերգը Ուկրաինայում հանդիպել է Զելենսկու հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա: Սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է Ուկրաինա՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում զոհված ուկրաինացի զինծառայողների հիշատակին և դիտել է Կիևի կենտրոնական հրապարակում ցուցադրված խոցված ռուսական ռազմատեխնիկան:
Ստոլտենբերգը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որից հետո նրանք հանդես են եկել հայտարարություններով:
«Գլխավոր քարտուղարին կոչ եմ արել օգնել՝ հաղթահարելու մեր գործընկերների կաշկանդվածությունը որոշ սպառազինությունների մատակարարման հարցում, այդ թվում՝ հեռահար զինամթերք, ժամանակակից ավիացիա, հրետանի, զրահատեխնիկա»,- նշել է Զելենսկին։ Նա շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, հավելել՝ անհնար է պատկերացնել Եվրաատլանտյան տարածքի անվտանգությունն առանց Ուկրաինայի:
Ստոլտենբերգը ևս նշել է, որ Ուկրաինայի արժանի տեղը ՆԱՏՕ-ում է: «Մենք պետք է շարունակենք ուժեղացնել Ուկրաինայի զինված ուժերը և ապահովենք, որ հուսալի պայմանավորվածություններ լինեն Ուկրաինայի անվտանգության համար: Ձեր վճռականությունից հստակ երևում է՝ Ուկրաինան կհաղթի»,- ասել է Ստոլտենբերգը: