Ծանրորդ Տաթև Հակոբյանը գոհ է Եվրոպայի առաջնության իր արդյունքից
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Տաթև Հակոբյանը վերջին ձեռքբերումից հետո էլ շարունակելու է մնալ ասպարեզում:
«Ծանրամարտի Եվրոպայի այս առաջնությունում կարողացա անել այսքանը, բայց միայն այս պահի դրությամբ: Արել եմ ուժերիս ներածին չափով ամեն ինչ: Ամեն դեպքում ես գոհ եմ իմ արդյունքից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով` առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ներկայացուցիչը դեռևս անհասանելի առաջ է բարձրացրած քաշերով, սակայն ինքը շարունակում է մնալ ծանրամարտում և պայքարելու է:
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք: Հայաստանի ընտրանու անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 100, այնուհետ` 104 կգ: Նա չֆիքսեց 107 կիլոգրամը: Հակոբյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը բարձրացրեց 118 և 122 կգ, այս ձևում նա արծաթե մեդալակիր է: Երկամարտի 226 կգ արդյունքով Հակոբյանը երկրորդն է Եվրոպայի այս առաջնությունում: