Տաթև Հակոբյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության կանանց 76 կգ քաշում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Էմմա Պողոսյանը և Տաթև Հակոբյանը:
Հայաստանի ընտրանու անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 100, այնուհետ` 104 կգ: Նա չֆիքսեց 107 կգ: Հակոբյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը բարձրացրեց 118 և 122 կգ, այս ձևում նա արծաթե մեդալակիր է: Երկամարտի 226 կգ արդյունքով Հակոբյանը երկրորդն է Եվրոպայի այս առաջնությունում:
Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` 93 կգ և 96 կգ: Հրում վարժության ժամանակ Պողոսյանը գլխավերևում պահեց 116 և 121 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտում Պողոսյանը գրանցեց 217 կգ և գրավեց 5-րդ տեղը:
Այս քաշում Եվրոպայի չեմպիոնը Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆերգյուն է:
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը:
Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը: