Սուդանում մարտերը շարունակվում են՝ չնայած երկրորդ անգամ հայտարարված հրադադարին
Սուդանի մայրաքաղաք Խարթումում շարունակվում են բախումները՝ չնայած ապրիլի 19-ի երեկոյան հայտարարված հրադադարի ռեժիմին: Բախումների վեց օրվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 300-ը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ին։
Հեռուստաալիքի թղթակիցը հայտնում է, որ չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին) հրադադարի ուժի մեջ մտնելուց արդեն մի քանի րոպե անց քաղաքում լսվել են մարտերի վերսկսման ձայներ։ Խարթումում կարելի էր լսել ծանր հրետանու աշխատանքը։ Քաղաքում մարտերը շարունակվում են նաև այսօր, Խարթումի երկինքը պատվել է ծխով։
Ապրիլի 19-ին Սուդանի զինված ուժերի և «Արագ աջակցության ուժերի» միջև 24-ժամյա հրադադար հաստատելու փորձը երկրորդն էր վերջին վեց օրվա ընթացքում։ Հրադադարի առաջին փորձը ևս տապալվել էր:
Al Jazeera-ի տեղեկատվությամբ`Խարթումի և դրա շրջակա նահանգների հիվանդանոցների գրեթե 70%-ը չի աշխատում:
Խարթումում դիտվում են հոսանքազրկումներ, խմելու ջրի և պարենամթերքի անբավարարություն, գրասենյակներն ու դպրոցները չեն աշխատում։ Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով չեն կարողանում նորմալ աշխատել հիվանդանոցները։ Այս իրավիճակի պայմաններում շատ բնակիչներ փորձում են հեռանալ քաղաքից։
«Արագ աջակցության ուժերի» ղեկավար, գեներալ Մոհամեդ Համդան «Հեմեթի» Դագալոն Al Jazeera-ի հետ զրույցում հայտնել է, որ դեմ չէ Ուրազա Բայրամ (Այդ ալ-Ֆիտր) տոնի ընթացքում (ապրիլի 20-ապրիլի 21) հրադադար հայտարարել: Հեմեթին նաև նշել է, որ հակառակ կողմը չի ցանկանում մարդասիրական հրադադար:
Իրավիճակը Սուդանում բարդացել է ապրիլի 15-ին, երբ երկրի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում բանակի ու «Արագ աջակցության ուժերի» միջև բախումներ սկսվեցին ծանր զինատեսակների կիրառմամբ։ «Արագ աջակցության ուժերի» հրամանատարության հայտարարություններում ասվում է, որ ներկայիս իրադրությունն ստեղծվել է այն բանից հետո, երբ զինված ուժերը, առանց որևէ նախնական ծանուցման, շրջափակման մեջ վերցրին իրենց բազաներից մեկը Խարթումի հարավային արվարձանում։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է այն բանով, որ «Արագ աջակցության ուժերը» վերջին ժամանակներս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ որևէ համաձայնեցման։