Հունաստանում միգրանտներով նավ է վթարի ենթարկվել
Պելոպոնես թերակղզու հարավում գտնվող Իթիլո բնակավայրի (Լակոնիայի մարզ) Արֆիգիա լողափի մոտ ծանծաղուտն է խրվել և կիսով չափ ջրասույզ եղել անօրինական միգրանտներով նավը: Դեպքի հետևանքով կա 1 զոհ, 47 մարդ փրկվել է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Հաղորդվում է, որ Հունաստանի առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ կիսասույզ նավից ինքնուրույն ափ են իջել 15 տղամարդ, 16 կին և 16 անչափահաս։ Նրանք աղետի կանչ են ուղարկել անհետաձգելի օպերատիվ ծառայությունների «112» եվրոպական միասնական հեռախոսահամարին։ Անմիջապես աղետի վայր է ուղարկվել Առափնյա պահպանության նավը։ Յոթ մարդ հոսպիտալացվել է առաջին բուժօգնության համար, մնացածներին ուղարկել են Գիտիոն քաղաք։ Մի տղամարդ եղել է անգիտակից վիճակում և մահացել, հարազատներն իրենք են նրան նավից տեղափոխել ափ։ Ջրասուզորդների ստորաբաժանումը զննել է խորտակված նավակի շրջակայքը, բայց այլ զոհվածների չի հայտնաբերել:
Ինչպես հայտնել են միգրանտները, իրենք Հունաստան են եկել Թուրքիայի ափերից։ Աղետի գոտին շարունակում են ստուգել պարեկային նավը և Առափնյա պահպանության ինքնաթիռը՝ հնարավոր փրկված այլ միգրանտների որոնումների համար: Նախնական տվյալներով՝ նավի վրա կարող էր լինել 50-60 մարդ։ Գիտիոնի նավահանգստային վարչությունը կատարում է միջադեպի նախնական հետաքննություն։
Հունաստանը տարանցիկ երկիր է Մերձավոր Արևելքից, Ասիայից և Աֆրիկայից անօրինական միգրանտների համար: Անօրինական ներգաղթյալների մեծ մասը ծովով ժամանում է Թուրքիայից։ Ոմանք փորձում են Հունաստանի ջրերով Իտալիա հասնել նավակներով, մակույկներով և առագաստանավերով: