Իրանում հայտարարել են, որ Բուշերի ատոմակայանը կվերսկսի աշխատանքը մինչև մայիսի 21-ը
Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանը կվերադառնա երկրի ընդհանուր էներգացանցի կազմ մինչև այս տարվա մայիսի 21-ը: ISNA գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Այժմ Բուշերի ատոմակայանում անցկացնում են ստուգումներ և բեռնում են վառելիքը։ Հուսով եմ, որ մինչև օրդիբեհեշտ ամսվա վերջը (մայիսի 21-ը) այն կսկսի գործել», - հայտարարել է Էսլամին:
Փետրվարի 14-ին էլեկտրակայանը ժամանակավորապես փակել են պլանային սպասարկման և օգտագործվող վառելիքի մի մասի փոխարինման նպատակով։
1992 թվականի օգոստոսի 25-ին Ռուսաստանը և Իրանը ստորագրել են համաձայնագիր երկրի հարավում՝ Բուշերից ոչ հեռու իրանական ատոմակայանի շինարարության շարունակման շուրջ (այս գործը 1975 թվականին ձեռնարկել էր Արևմտյան Գերմանիայի կոնցեռնը, սակայն այն ընդհատվել էր 1979 թվականին՝ իսլամական հեղափոխությունն սկսվելուց հետո): 1995 թվականին «Զարուբեժատոմէներգոստրոյը» (այժմ՝ «Ատոմստրոյէքսպորտ») պայմանագիր է կնքել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հետ՝ ատոմակայանի 1-ին էներգաբլոկի կառուցման ավարտի և վերակառուցման վերաբերյալ։ 2011 թվականի սեպտեմբերին այն միացվել է ցանցին, դրա պաշտոնական հանձնումը Իրանին տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերին: