Եմենում ողորմություն բաժանելու ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 78 մարդ է զոհվել
Եմենի մայրաքաղաք Սանայի դպրոցներից մեկում Ռամադան ամսվա հետ կապված բարեգործական օգնություն բաժանելիս հրմշտոց է սկսվել, որի հետևանքով առնվազն 78 մարդ է զոհվել: Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, նրանցից 13-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Ըստ լրատվամիջոցի՝ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին դպրոցում, որպեսզի ստանային յուրաքանչյուրը մոտ 9 դոլարի օգնություն: Ըստ ականատեսների՝ քաղաքը վերահսկող հութի ապստամբներն ամբոխը կառավարելու համար օդ էին կրակել, գնդակն, ամենայն հավանականությամբ, դիպել է էլեկտրալարին, որի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Դա խուճապի և հրմշտոցի պատճառ է դարձել:
AFP գործակալության հետ զրույցում հութի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ:
Եմենի Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է բարեգործական օգնություն բաժանելու համար պատասխանատուներին, կատարվում է հետաքննություն: Նախարարության խոսնակը հրմշտոցի համար մեղադրել է կազմակերպիչներին՝ նշելով, որ օգնության բաշխումը կատարվել է պատահականորեն՝ առանց տեղի պաշտոնյաների հետ համաձայնեցման:
Հութիների բարձրագույն զարգացման կոմիտեի ղեկավար Մուհամեդ Ալի ալ-Հութին նշել է, որ հրմշտոցը տեղի է ունեցել երկրում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով: