«Արցախը չի կարող մանրադրամ դառնալ, դա բերելու է կատաստրոֆայի». Դավիթ Բաբայան
«Հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն, այո, կարևոր է, բայց դա չի կարող լինել Արցախի լինելիության հաշվին։ Այսինքն՝ դրա գինը չի կարող լինել Արցախը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ Արցախը չի կարող մանրադրամ դառնալ՝ հայ – ադրբեջանական հարաբերությունները բարելավելու գործընթացում, որովհետև դա բերելու է կատաստրոֆայի։
Կընդգծեմ միայն ամենաէականը, ասում է Բաբայանն ու հավելում՝ Արցախն ունի իր անփոփոխ և անսասան դիրքորոշումը։ Դա ժողովրդի, հանրության, այդ թվում նաև՝ Արցախի իշխանությունների դիրքորոշումն է, որը շատ հստակ է։
«Նախ և առաջ, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի լինելու», ասում է Արցախի նախագահի խորհրդականը եւ հավելու, «այո՛, եղել է բռնակցված, բայց դա Խորհրդային միության տարիներին էր, երբ մենք Խորհրդային միության մաս էինք կազմում»,- նկատում է բանախոսը։
Անդրադառնալով երեկ Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն ադրբեջանական կողմի հետ վարած բանակցությունների վերաբերյալ ոչինչ չի թաքցրել Արցախի իշխանությւոններից, ավելին՝ ամեն բան համաձայնեցրել է նաև արցախյան կողմի հետ, Դավիթ Բաբայանը պատասխանում է. «Ես չգիտեմ, թե նա ում հետ և ինչ է խոսել։ Այո, ես Արցախում զբաղեցրել և շարունակում եմ զբաղեցնել բարձր պաշտոններ։ Այո, պատերազմից հետո ես եղել եմ Արցախի Արտաքին գործոց նախարարը, հիմա էլ՝ նախագահի խորհրդականն եմ, սակայն, ինձ ոչ ոք, երբեք չի ասել, որ Արցախը հանձնում են։ Եթե, անգամ, որևէ մեկն ինձ նման բան ասեր՝ ի՞նչ եք կարծում՝ ո՞րը կլիներ իմ պատասխանը…»,- հռետորական հարցադրում է կատարում Դավիթ Բաբայանը։
Արցախը չպետք է դառնա շահարկումների թեմա, որովհետև բազմաթիվ ուժեր հենց դրան են սպասում, ասում է պարոն Բաբայանը. «Պաշտոնական Ստեփանակերտն, իհարկե, դեմ չէ, որպեսզի Երևանն ու Բաքուն իրենց հարաբերությունները կարգավորեն։ Սակայն, եթե ոմանց թվում է, թե դա կարող է լինել ի հաշիվ Արցախի, ապա սխալվում են։ Դրա գինն, ի վերջո, լինելու է ողջ հայության, այսինքն՝ Հայաստանի և Արցախի գոյությունը։ Կա՞ որևէ մեկը, ով պատկերացնում է մի իրավիճակ, մի ապագա կամ մի քարտեզ, որի վրա չեն լինելու Հայաստանն ու Արցախը, որովհետև, անմիջապես այն պահից հետո, երբ Արցախը սակարկված կլինի, ամենակարճ ժամանակում չի լինի նաև Հայաստանը։ Սա, ուղղակի, անհերքելի իրողություն է, որի հետ հաշվի չնստելը, նորից եմ կրկնում, կհանգեցնի անվերադարձ և անշտկելի կատաստրաֆայի»։