Անկարան այժմ ինքն է խաղի կանոններ ստեղծում․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով մայիսի 14-ին առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու, ընդդիմությանը մեղադրել է երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մեջ.
«Մենք հիմա հավասարակշռված քաղաքականություն ենք վարում ուկրաինական ճգնաժամի հարցում: Ինչո՞ւ պետք է սատարենք պատերազմի մեկ կոնկրետ կողմին և դառնանք հակամարտության կողմ: Նրանք, ովքեր ասում են, որ ինչ-որ կողմին կհարենք ու կխախտենք հավասարակշռությունը, եթե գան իշխանության, Աստված մի արասցե, երկիրը կներքաշեն պատերազմի մեջ», - ասել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Անկարան չպետք է աջակցի հակամարտության կողմերից որևէ մեկին, չնայած Թուրքիան չի ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան այլ երկրների խաղասեղանների վրա զինվոր չէ, Անկարան այժմ ինքն է խաղի կանոններ ստեղծում։