Ոստիկանությունը մտել է Կիև-Պեչորյան մայրավանքի տարածք և արգելափակել շենքերը
Ուկրաինական ոստիկանության մի խումբ աշխատակիցներ մտել են Կիև-Պեչորյան մայրավանքի տարածք: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Վանքի տարածք է եկել ոստիկանությունը, փակում է շենքերի մուտքը», - նշել է Ուղղափառ լրագրողների միությունը (ՈՒԼՄ) Telegram ալիքում տարածած հաղորդագրության մեջ։
Միության տեղեկատվությամբ՝ Կիևի Պեչորյան շրջանային դատարանը ոստիկանությանն իրավունք է տվել մուտք գործելու Կիև-Պեչորյան մայրավանքի օբյեկտներ։
Նշվում է, որ ոստիկանության հետ միասին մայրավանքի օբյեկտներ պետք է մտնեին մշակույթի նախարարության աշխատակիցները։
Իր հերթին Ukrinform լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտնել է մայրավանքի տարածքում փորձագետների կողմից իրականացվող ստուգումների մասին: Ուսումնասիրվող շենքերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ըստ Տկաչենկոյի՝ մասնագետները ստիպված են եղել ուժով մտնել նշված շենքեր, քանի որ դռները կողպված են եղել:
Իրադրությունը Կիև-Պեչորյան մայրավանքի շուրջ խիստ սրվել է մարտի վերջին: Ուկրաինայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Կիև-Պեչորյան մայրավանքի վարձակալության պայմանագիրը կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու (ՈՒՈՒԵ) հետ և վանականներից պահանջել են լքել մենաստանը։ ՈՒՈՒԵ-ի վանականները հրաժարվել են կատարել այդ պահանջները, երկու կողմերն էլ դիմել են դատարան: Ապրիլի 1-ին Կիև-Պեչորյան մայրավանքի կառավարիչ, ՈՒՈՒԵ-ի միտրոպոլիտ Պավելին մեղադրանք է առաջադրվել կրոնական թշնամանքի հրահրման և Ռուսաստանի գործողությունների արդարացման համար. նա տնային կալանքի տակ է: