Ուզում էի անել ավելին իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար. Ռաֆիկ Հարությունյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանի կարծիքով՝ ինքն ունակ է ավելին անել:
«Ես շատ մեծ դժվարությամբ եմ հասել այստեղ, քանի որ լուրջ վնասվածքներ ունեի: Երկու մրցաշար բաց էի թողել և չգիտեի, թե ինչպես կմասնակցեի այս առաջնությանը: Չէի սպասում, որ այսպես կլինի: Ավելի լավին էի սպասում, նույնիսկ մտածում էի, որ կարող եմ հաղթել: Բայց չստացվեց, ինչի համար զղջում եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը: Վերջինս շեշտեց, որ երկրպագուների նմանատիպ աջակցություն չի ունեցել, և դա նաև ինչ-որ տեղ պարտավորեցնող էր:
«Շատ շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին նման աջակցության համար: Ուզում էի անել ավելին իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար, բայց չստացվեց»,- շեշտեց նա: