Ոստիկանները զննությամբ 150 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել
Ապրիլի 16-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Նուբարաշենի 2-րդ փողոց տանող ճանապարհին նկատել են, որ մեքենաներից մեկի վարորդը ինչ-որ բան է փնտրում։ Բացատրական աշխատանքի շնորհիվ վարորդը պարեկներին հայտնել է, որ նշված վայրում տեղադրված թմրամիջոցն է փնտրում: 23-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին։
Քրեական հետախույզները զննությամբ Նուբարաշենի 2-րդ փողոցի սկզբնամասում հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 150 գրամից ավելի քաշով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։