Fox News-ը 787,5 մլն դոլար կվճարի 2020 թ.-ի ընտրությունների վերաբերյալ անհիմն պնդումների համար
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը և քվեարկության մեքենաներ արտադրող Dominion Voting Systems կանադական ընկերությունը դատական լսումների մեկնարկից անմիջապես առաջ հաշտության համաձայնության են եկել: Fox News-ը Dominion-ին 787,5 միլիոն դոլար կվճարի որպես փոխհատուցում այն հայտարարությունների համար, թե քվեարկության մեքենաներն օգտագործվել են 2020 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները Ջո Բայդենի օգտին կեղծելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը:
Հաշտության համաձայնագրի կնքման մասին հայտարարությունն արվել է ապրիլի 18-ին՝ լսումների հենց սկզբում և անակնկալ է դարձել. Dominion-ի փաստաբանները կարծում էին, որ Fox-ը կփորձի պաշտպանել իր իրավացիությունը դատական լսումների ժամանակ։ Ձեռք բերված պայմանավորվածությունը Fox-ին թույլ կտա խուսափել 6-շաբաթյա դատական գործընթացից, իսկ Fox News-ի ղեկավարները և մեկնաբանները ստիպված չեն լինի 2020 թ.-ի ընտրությունների իրենց լուսաբանման հետ կապված վկայություններ տալ:
Dominion-ի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ Fox-ը ստիպված չի լինի եթերում խոստովանել, որ կեղծ լուրեր է տարածել ընկերության մասին:
Ի սկզբանե Dominion-ը պահանջում էր 1,6 մլն դոլարի փոխհատուցում:
2020 թ.-ի նոյեմբերին Fox News-ը, որն ավանդաբար աջակցում է հանրապետականներին և այն ժամանակ նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփին, կասկածի տակ էր դրել ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ ենթադրություններ հայտնելով, թե Dominion-ի արտադրության քվեարկության մեքենաները կարող էին օգտագործվել քվեարկության արդյունքները խեղաթյուրելու համար: Dominion-ը այս պնդումները համարել է զրպարտություն և դիմել դատարան։
Գրեթե 800 միլիոն դոլարի չափով փոխհատուցման գումարը կազմել է Fox News-ի տարեկան եկամտի շուրջ քառորդ մասը՝ հարկերը պահելուց առաջ: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ ԶԼՄ-ների կողմից զրպարտության համար վճարվող ամենախոշոր տույժն է: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2017 թ.-ին, երբ դատարանը ABC հեռուստաալիքին պարտավորեցրել էր 177 միլիոն դոլար վճարել Հարավային Դակոտայի մսի վերամշակման գործարանին այն պնդումների համար, թե գործարանի արտադրանքը նման է «վարդագույն լորձի»: