Հնդկաստանի բնակչությունը 2023 թ.-ի կեսերին կգերազանցի Չինաստանի բնակչությանը. ՄԱԿ
Հնդկաստանի բնակչությունը 2023 թվականի կեսերին կհասնի 1,4286 միլիարդի` գերազանցելով Չինաստանի բնակչությանը, որը կկազմի 1,4257 միլիարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից այսօր տարածված զեկույցում։
Զեկույցում ներկայացված են տվյալներ ՄԱԿ-ի գնահատումներով մինչև 2023 թվականի կեսերը բնակչության թվաքանակի դինամիկայի մասին։ Ըստ զեկույցի՝ մոլորակի բնակչության թիվը տարվա կեսերին կհասնի 8,045 միլիարդի:
«Նշել այն օրը, թե երբ Հնդկաստանի բնակչությունը կգերազանցի Չինաստանի բնակչությանը, չի ստացվի, քանի որ ճշգրիտ ժամանակը չի կարող հայտնի լինել»,- ТАСС-ին այս տվյալները մեկնաբանել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Էդի Ռայթը:
Այս տարվա սկզբի պաշտոնական տվյալների համաձայն՝ Չինաստանի բնակչության թիվն անցյալ տարի կրճատվել է՝ 6 տասնամյակի ընթացքում առաջին անգամ: