Ռուսաստանից Վրաստան հեղուկացված գազի ներմուծումը առաջին եռամսյակում ավելացել է 87 %-ով
Ռուսաստանից Վրաստան մատակարարվող հեղուկացված գազի ծավալը 2023 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 87,7 %-ով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«2023 թվականի հունվարից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում հեղուկացված գազի ներմուծումը կազմել է 11,6 հազար տոննա, ինչը 5,42 հազար տոննայով, այսինքն՝ 87,7 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից», - ասված է Վրաստանի Նավթամթերք ներկրողների միության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամբողջ ներկրված հեղուկացված գազի 99,7%-ը, այսինքն՝ 11,56 հազար տոննան մատակարարվել է Ռուսաստանից։
Բացի այդ, կազմակերպության տվյալներով՝ նավթային բիտումի ներմուծումը տարվա առաջին երեք ամիսներին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 144,7%-ով՝ կազմելով 25,2 հազար տոննա։ Բիտում ամենից շատ մատակարարվել է Ռուսաստանից՝ 56,7%։ Երկրորդ տեղում է Իրաքը (20,2%), երրորդ տեղում`Թուրքիան (18,3%), որին հաջորդում է Ադրբեջանը (4,8%):