Լեհաստանը թույլատրել է Ուկրաինայից պարենամթերք ներմուծել միայն անձնական կարիքների համար
Լեհաստանը թույլ է տալիս Ուկրաինայից սննդամթերք ներմուծել միայն ճանապարհորդների անձնական կարիքների համար: Նման հայտարարություն է տարածել Լեհաստանի Ազգային հարկային վարչությունը (KAS): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Ազգային հարկային վարչությունը հստակեցնում է, որ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը, որը սահմանվել է զարգացման և տեխնոլոգիաների նախարարի՝ 2023 թ.-ի ապրիլի 15-ի որոշմամբ, չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք ճանապարհորդների կողմից ներմուծվում են սեփական կարիքների համար», - ասվում է KAS-ի հաղորդագրության մեջ։
Հարկային վարչությունը նաև հիշեցնում է, որ տարբեր հիվանդությունների տարածման վտանգի պատճառով խստիվ սահմանափակված է կենդանական ծագման մթերքների (մսային և կաթնային) ներմուծումը Եվրամիություն։
Անցած հանգստյան օրերին Լեհաստանը և Հունգարիան տեղի ֆերմերների բողոքների պատճառով հայտարարել են ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման դադարեցման մասին. ուկրաինական գյուղատնտեսական ապրանքները համաեվրոպական շուկա են մտնում առանց մաքսատուրքերի։ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ ԵՀ-ն ուսումնասիրում է այս տեղեկությունը, և այդ երկրներից լրացուցիչ տեղեկություն է խնդրել։
Մարտի վերջին ԵՄ-ի մի շարք երկրների վարչապետներ դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ խնդրելով միջամտել Ուկրաինայից հացահատիկի ներհոսի հետևանքով առաջացած ճգնաժամին։ Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Սլովակիայի վարչապետների նամակում նշվել է, որ խնդիրները կապված են ԵՄ-ի անդամ երկրների, հատկապես՝ Ուկրաինային սահմանակից կամ դրա հարևանությամբ գտնվող երկրների շուկաներ ուկրաինական արտադրանքի մատակարարումների զգալի աճի հետ։ Մասնավորապես, «գրանցվել է հացահատիկային, ձիթատու մշակաբույսերի, ձվի, թռչնամսի, շաքարի, խնձորի հյութի, հատապտուղների, խնձորի, ալյուրի, մեղրի և մակարոնեղենի ներմուծման աննախադեպ աճ»։