«Մադրիդյան սկզբունքները» լավագույն մոդելն էր կոնֆլիկտի լուծման ամբողջ պատմության ընթացքում․ Բորիս Նավասարդյան․ 24news.am
«Նիկոլ Փաշինյանը մինչև 2018-ը եղած բանակցային ամբողջ գործընթացը փորձում է վարկաբեկել։ Եթե դրա միակ նպատակը քաղաքական է, այսինքն՝ արդարացնելու այն բոլոր անհաջողությունները, որ ունեցել ենք վերջին տարիների ընթացքում, դա քաղաքական մարտավարություն կարելի է համարել։ Եթե այլ կողմից մոտենանք, որ ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանն ասում է այն, ինչ մտածում է, դա նշանակում է, որ նա մինչև այսօր ընդհանրապես պատկերացում չունի ինչ է եղել հակամարտության ամբողջ պատմության ընթացքում»,- խոսելով «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունից, 24news․am-ի եթերում ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` հավելելով․ «Եվ եթե նա դա չի պատկերացնում, նախապատկերը չունի, դժվար է պատկերացնել մեր իշխանություններից, որ ճիշտ դիրքորոշում կունենան նաև այսօր»։
«Եթե խոսում ենք «Մադրիդյան սկզբունքների» մասին, ես համարում եմ, որ հակամարտության հաղթահարման այն մեթոդը, որ կար մինչև 2011 թվականը, ենթադրում էր, որ միջնորդները ուսումնասիրում են հակամարտող կողմերի դիրքորոշումները և իրական իրավիճակը տարածաշրջանում և այդ ամենը հաշվի առնելով՝ առաջարկում են լուծման լավագույն մոդելը։ Եվ իմ գնահատմամբ, «Մադրիդյան սկզբունքները» և այն, ինչ դրանց շուրջ ձևավորվել է, լավագույն մոդելն էր կոնֆլիկտի լուծման՝ ամբողջ պատմության ընթացքում և դա չգիտակցելը․․․»,- ասել է Բորիս Նավասարդյանը։ Նրա խոսքով, «Մադրիդյան սկզբունքներն» այսօր չեն կարող գործել, որովհետև այսօր հակամարտության հաղթահարման մոդելում միջնորդների դերակատարումը համարյա զրոյական է։ Այսօր մոդելը կարող է լինել միայն երկողմնի բանակցություն։
Հարցին՝ արդյո՞ք «Մադրիդյան սկզբունքները» չէր ենթադրում ինքնորոշում տարածքային ամբողջականության մեջ, Բորիս Նավասարդյանը պատասխանում է․ «Ոչ, ենթադրում էր խնդրի այնպիսի լավագույն լուծում, որը կձևավորվի որոշակի անցումային շրջանից հետո»։
Մեկ այլ հարցի՝ «Այսինքն, ճիշտ է պնուդումը, որ «Մադրիդյան սկզբունքներով», որ առաջարկում էին, դրախտ է նրա համեմատ, ինչ-որ ունենք», պատասխանում է՝ «Իսկ ո՞վ է կասկածում»։
Նշենք, որ երեկ՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրել է բանակցային փաստաթուղթն ու պատմությունը՝ հայտարարելով, թե «Մադրիդյան սկզբունքներով» Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։