Եվրահանձնաժողովը ԵՄ կիբերանվտանգության ապահովման մասշտաբային միջոցներ է առաջարկել
Եվրահանձնաժողովը հայտարարել է կիբերանվտանգության մասին ԵՄ նոր օրենքի վերաբերյալ իր օրենսդրական նախաձեռնության հաստատման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՀ-ի գործադիր փոխնախագահ Մարգրետե Վեստագերի հայտարարությունը:
«Կիբերանվտանգությունը պարտադիր է, որպեսզի պաշտպանենք մեր հասարակությանը, տնտեսությունը և մեզ որպես քաղաքացիներ: Եվրոպայի փոքր և միջին ձեռնարկությունների գրեթե 30 տոկոսը վերջին 12 ամիսների ընթացքում գոնե մեկ անգամ բախվել է կիբերհանցագործությունների հետ»,-հայտարարել է նա՝ Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը:
Ինչպես ծրագրում են Եվրահանձնաժողովում, նոր օրենքն ուղղված է կիբերանվտանգության ոլորտում սպառնալիքների և միջադեպերի հայտնաբերման և տեղեկացման ապահովմանը, կիբերհարձակումներին կրիտիկական կարևոր օբյեկտների պատրաստվածության բարձրացմանը, կիբեր սպառնալիքներին արձագանքելիս ԵՄ անդամ պետությունների փոխգործակցության բարելավմանը: