Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Թրամփը կրկին նախագահ դառնալու շանս չունի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու շանս չունի, իսկ վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենն ի զորու է հաղթել Հանրապետական կուսակցության ցանկացած թեկնածուի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցը:
Խոսելով Թրամփի մասին ՝ Քլինթոնն ասել է. «Ես միշտ մտածել եմ հատկապես բիզնեսում նրա ձեռքբերումների մասին, բայց հետո մենք նրան տեսանք քաղաքականության մեջ և կառավարությունում, նա մի մարդ էր, ով ընդհանրապես չէր մտածում օրենքի մասին»:
Քլինթոնի կարծիքով, ով պարտվել է Թրամփին 2016-ի նախագահական ընտրություններում, նույնիսկ Հանրապետական կուսակցությունից առաջադրվելով պետության ղեկավարի պաշտոնում, նրա մոտ չի ստացվի վերադառնալ Սպիտակ տուն:
Նա նաև չի կարծում, որ գործող նախագահի համար արժանի մրցակցություն կարող է լինել Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, որը Թրամփի հետ միասին դիտարկվում է որպես 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետականների առաջադրման գլխավոր ֆավորիտ:
«Ֆլորիդայից դուրս ոչ ոք չգիտի նրա մասին, իսկ Ֆլորիդայում մարդիկ տեսնում են, որ նա խենթություններ է անում: Այնպես որ, ես իրականում հավատում եմ, որ նախագահ Բայդենը կվերընտրվի ՝ անկախ նրանից, թե ով կլինի Հանրապետական կուսակցության թեկնածուն»,-նշել է Քլինթոնը: