BLACKPINK-ը հերթական Գինեսի ռեկորդն է նվաճել. նրանց YouTube-ի ալիքը գերազանցել է 30 մլրդ դիտումը
Հարավկորեական BLACKPINK աղջիկների խումբը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել: K-pop խմբի YouTube-յան ալիքը դարձել է ամենաշատ դիտված երաժշտական ալիքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը:
Անցյալ երկուշաբթի խմբի YouTube-յան պաշտոնական ալիքը գերազանցել է 30 միլիարդ դիտումների թիվը՝ առաջ անցնելով Ջասթին Բիբերի ալիքից: Նման ցուցանիշ գրանցելու համար BLACKPINK-ի ալիքից պահանջվել է մոտ վեց տարի ինը ամիս:
Քառյակն առաջատարներից է նաև YouTube-յան իր ալիքի բաժանորդներով, որոնց թիվը հասնում է 86,9 միլիոնի:
Այս վերջին ռեկորդն ավելացել է խմբի 21 Գինեսի ռեկորդների տպավորիչ հավաքածուին:
BLACKPINK-ը նախկինում ռեկորդներ է սահմանել որպես Spotify-ում ամենաշատ հեռարձակվող աղջիկների խումբն աշխարհում, ինչպես նաև որպես առաջին K-pop աղջիկների խումբը, որը Բրիտանիայի և ԱՄՆ-ի լավագույն վաճառվող ալբոմների հորիզոնականներում գրավել է 1-ին տեղը: